Հունվարյան ձմեռային ճամբար․երկրորդ օրվա լուսաբանում

Հունվարի 10-ը ձմեռային ուսումնական ճամբարի երկրորդ օրն էր: Օրը մենք, ինչպես միշտ, սկսեցինք առավոտյան ընդհանուր միասնական պարապմունքով, ինչից հետո մեր ջոկատի ղեկավար ընկեր Վարդանը կատարեց ճամբարականների հաշվառում, այնուհետև անցանք օրվա անելիքների քննարկմանը։
 Երկրորդ դասաժամին մեզ այցելեց անգլերենի դասավանդող Նունե Այդինյանը, ում հետ մենք  խաղացինք ուսուցողական խաղ, որը կոչվորմ էր «Պոլիտեա»։ Խաղի պահանջն էր քաշել մեկական խաղաքարտ և թիմի անդամներին բացատրել քարտի վրա գրված բառերը, որոնք պետք է նրանք գուշակեն: Եթե անկեղծ լինեմ, բառերի մեծ մասը ամենօրյա գործածվող կամ մեզ ծանոթ բառեր չէին,  մի քիչ բարդ էին, բայց հենց դա էլ ինձ դուր եկավ, քանի որ, ըստ իս, բարդ բառերն ավելի հետաքրքիր էին դարձնում մեր խաղը: 

Խաղից հետո մենք քայլեցինք դեպի Արևմտյան  դպրոց, նպատակն էր՝ «Բարբառներ» ակումբի շրջանակում իրականացնել բարբառային ընթերցումներ կրտսեր ճամբարականների մասնակցությամբ։ Պետք է ասեմ, որ ամեն ինչ շատ լավ անցավ,  երեխաները ոչ միայն տարբեր բարբառային բառեր սովորեցին, լսեցին բարբառով հեքիաթ, այլև վերհիշեցին իրենց արմատները, որի արդյունքում պարզ դարձավ, որ երեխաներից շատերը իրենց տատիկ-պապիկների օգնությամբ արդեն իսկ տիրապետում են որոշ բարբառների, նրանք նույնիսկ ինքնուրույն սկսեցին սովորեցնել միմյանց:

Ես նկատեցի, որ երեխաներին շատ հետաքրքրեց նախագիծը, նրանք, կարծում եմ, բավականին ուրախ և ուսուցողական ժամանակ անցկացրին, ինչու չէ՝ նաև մենք: Մենք նույնպես ընթացքում բավականին նոր բարբառային բառեր սովորեցինք:

Մեր նախագծի մեջ մտնում էր նաև երեխաների համար Լոռվա բարբառով հեքիաթի ընթերցումը, որտեղ ճամբարականները հանդիպեցին Լոռվա բարբառային մի շարք բառերի, քանի որ հեքիաթի հեղինակը մեծ Լոռեցին է՝ Հովհաննես Թումանյանը /«Կացին ախպեր»/։ Հեքիաթը կարդաց մեր ջոկատի ճամբարական, 9-րդ դասարանի սովորող, արմատներով Լոռեցի Քեթրին Եփրեմյանը, ով նաև երեխաներին բացատրեց որոշ բարբառային բառեր։

Բարբառային ընթերցումից հետո քայլեցինք ուսումնական Ագարակում, իսկ արևոտ, խաղաղ օրը քայլքի համար շատ նպաստավոր և տրամադրող էր․․․

Տեսանք նույնիսկ թեփից տոնածառ:

Ագարակից քայլեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ էլ ամփոփեցինք մեր ճամբարային երկրորդ օրը, քննարկեցինք վաղվա՝ հունվարի 11-ի անելիքները, որոնք նույնպես շատ են ու բազմազան։

Оставьте комментарий