Հունվարյան ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Ճամբարի առաջին օրվա ընթացքում, կարելի է ասել, կոնկրետ նախագիծ չենք իրականացրել, առաջին օրն ավելի շատ նախատեսված էր միմյանց ճանաչելու և ճամբարային նախագծերը քննարկելու համար: Մենք նաև ստացանք մեզ հուզող մի շարք հարցերի պատասխաններ, կարող էինք առաջարկել մեր սեփական նախագծերը: Առաջին օրն ավարտվեց ամփոփումով և հաջորդ օրվա անելիքների քննարկմամբ։

Երկրորդ օրն արդեն ավելի ծավալուն և հագեցած օր էր: Ընդհանուր պարապմունքից հետո մենք հավաքվեցինք ընկեր Վարդանի դասարանում, ճամբարականների հաշվառում իրականացվեց, ընկեր Վարդանը օրվա անելիքները ներկայացրեց, ապա մեզ այցելեց անգլերենի դասավանդող տիկին Նունե Այդինյանը, ում հետ մենք խաղացինք ուսուցողական խաղ, որը կոչվորմ էր «Պոլիտեա»։ Խաղի պահանջն էր՝ քաշել մեկական խաղաքարտ և թիմի անդամներին բացատրել քարտի վրա գրված բառերը, որոնք պետք է նրանք գուշակեին: Խաղի բառերը մեծամասամբ ամենօրյա գործածվող կամ մեզ ծանոթ բառեր չէին, բարդ բառեր  էին, բայց, կարծում եմ, հենց դա էր ամենահետաքրքիրը: Խաղն ավարտին հասցնելուց հետո մենք քայլեցինք դեպի Արևմտյան  դպրոց, «Բարբառներ» ակումբի շրջանակում իրականացրինք  բարբառային ընթերցումներ կրտսեր ճամբարականների մասնակցությամբ։ Պետք է ասեմ, որ ամեն ինչ շատ լավ անցավ,  երեխաները ոչ միայն տարբեր բարբառային բառեր սովորեցին, լսեցին բարբառով հեքիաթ, այլև վերհիշեցին իրենց արմատները, որի արդյունքում պարզ դարձավ, որ երեխաներից շատերը իրենց տատիկ-պապիկների օգնությամբ արդեն իսկ տիրապետում են որոշ բարբառների: Բարբառային ընթերցումից հետո քայլեցինք ուսումնական Ագարակում, իսկ արևոտ, խաղաղ օրը քայլքի համար շատ նպաստավոր և տրամադրող էր: Ագարակից քայլեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ էլ ամփոփեցինք մեր ճամբարային երկրորդ օրը:

Երկրորդ օրվա իմ լուսաբանումը՝ այստեղ․

Ճամբարային երրորդ օրը ընդհանուր պարապմունքից հետո մենք ունեցանք ակտիվ մարմնամարզական պարապմունք ընկեր Անդրանիկ Դարբինյանի հետ, ինչից հետո քայլեցինք դեպի Քանդակի դպրոց, որտեղ մեզ հետ աշխատեց ընկեր Ալիս Գևորգյանը: Մենք ունեցանք շատ հետաքրքիր նախագիծ, որի շրջանակում պատրաստեցինք Տիգրան Մեծի դիմանկարով կավե քանդակներ: Չնայած աշխատանքը բարդ էր, համենայնդեպս ինձ համար, բայց, միևնույն ժամանակ, կավով աշխատանքը ուներ իր մեջ հանգստացնող էֆֆեկտ, նույնիսկ մանր հատվածներն անելիս, երբ մտնում էինք ընթացի մեջ, արդեն ամբողջ բարդությունը կարծես թե կորում էր: Հնարավոր է՝ մեր վերջնական աշխատանքներն այնպիսին չեն ստացվել, ինչպիսին մենք ակնկալում էինք ի սկզբանե, բայց ես անձամբ շատ ոգևորված եմ և հաճույքով կրկին կմասնակցեմ նման նախագծի:

Ավարտելուց հետո մենք վերադարձանք Մայր դպրոց և ամփոփեցինք ճամբարային երրորդ օրը, ինչից հետո քննարկեցինք չորորդ օրվա անելիքները:

Չորրորդ և հինգերորդ օրերը նույնպես հետաքրքիր ու հագեցած անցան, ունեցանք լեզվական խաղ տիկին Ելենայի հետ, պարուսուցում ընկեր Կարինեի հետ, իրականացրինք «Նախասիրությունների բացահայտում» նախագծի նոր փուլը պարոն Տիգրանյանի հետ, համագործակցային նախագիծ տիկին Նունեի հետ, այցելեցինք գինու դպրոց, իսկ այս բոլորն էլ ավելի հետաքրքիր դարձրին մեր ճամբարային օրերը։

Սիրով սպասում եմ ճամբարի երկրորդ շաբաթվան․․․

Оставьте комментарий