Անտառային նրբագեղիկ

Մարմնի երկարությունը 14, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 19-21 սմ, կենդանի զանգվածը՝ 20-22 գ։ Փոքրամարմին է՝ դեղնամոխրագույն փետրավորմամբ, կտուցը՝ բարակ։

Մարմինը վերևից շիկակարմիր-դարչնագույն է, գագաթը, մեջքը, թևերը՝ խայտավոր։ Գլխից մինչև փորը մոխրագույն է, մարմնի կողքերին կան մուգ խայտեր։ Թաքնված թռչուն է, գորշ փետրավորման շնորհիվ՝ դժվար ճանաչելի։ Գետնին քայլում է կարծես սողալով՝ ընդհատ-ընդհատ շարժումներով, թաքստոցից ոչ հեռու։ Լայնորեն տարածված տեսակ է, բնակվում է խիտ անտառներում, թփուտներում, գետաձորերում, պտղատու այգիներում։

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, հատապտուղներով։

Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի 2-րդ տասնօրյակին։ Կրկնակի բազմացման ժամանակ արուների ակտիվ երգը լսելի է նաև հունիս-հուլիսի ընթացքում։ Առաջին բները գրանցվում են ապրիլի սկզբից։ Բույնը գավաթաձև է՝ ճյուղերից, մամուռից, բրդից, ձիու մազից։ Բնադրում է թփուտներում, հավանաբար պատրաստում են էգը և արուն՝ 10 օրվա ընթացքում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի 1-իև կեսերից մայիսի 2-րդ տասնօրյակի ավարտը։ Դնում է 20 մմ տրամագծով, կանաչավուն կապույտ 4-5 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս թխսակալման 14-րդ օրը. ամենավաղ ժամկետը մայիսի 1-ին տասնօրյակից մինչև ամսվա վերջն է։

Անտեսված կապտաթիթեռ

18-22 մմ առջևի թևի երկարությամբ ոչ խոշոր չափի թիթեռ է։ Մետաղական փայլով թևերի ընդհանուր երանգը կապույտ է, իսկ շատ ուժեղ արտահայտված եզրի մգացումը երբեմն հասնում է մինչև թևի միջին մասը։ Այս տեսակի էգը դարչնագույն է։ Թևերի ստորին մակերեսն ունի սեռին բնորոշ հետին թևերի վրա լավ արտահայտված սպիտակ մանրագիծ:

Оставьте комментарий